Nov 23, 2022

Եթե ընդունեինք սահմանադրական փոփոխությունները, պատմության մեջ կգրեին՝ ընդունեցին մեկ մարդու համար. Ա

Եթե մենք ընդունեինք սահմանադրական փոփոխությունները, մենք պատմության մեջ մտնելու էինք հետեւյալ կերպ, որ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ Արցախի ԱԺ-ն Սահմանադրություն է գրել այսինչ մարդու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
 
«Տարածաշրջանում չկա մի Սահմանադրություն, որ անձի հետ չեն կապել: Մենք մինչեւ 2006 թվականն ապրել ենք առանց Սահմանադրության: Այսօր բոլորիս մտահոգությունը նույնն է, որ Արցախի նախագահը հրաժարականի դեպքում ցրվում է նաեւ խորհրդարանը, եւ ընդհակառակը, եւ մենք մեր սուբյեկտայնությունը կորցնում էինք»,-ասաց նա:
 
Անդրադառնալով Արցախի Գերագույն դատարանի որոշմանը, որը սահմանադրական էր ճանաչել Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, Արթուր Թովմասյանն ասաց. «Ես հարգում եմ Գերագույն դատարանի որոշումը, բայց 50/50 էր: Եթե մենք մարդուն դիտում ենք որպես գերագույն արժեք, եթե մենք մարդասեր ենք, ապա տվյալ մարդուն ձայնի իրավունքից չպետք է զրկենք: Ես սպասում էի, որ նախագիծը այդ առումով կարող է ճանաչվել հակասահմանադրական: Մարդուն զրկել ձայնի իրավունքից, ժողովրդավարական պետությունում ի՞նչ է, եթե հակասահմանադրական չէ:
 
Ես հարգում եմ Գերագույն դատարանի որոշումը, բայց այս առումով մեր հիմնական ձեռքբերումը ժողովրդավարությունն է: Եթե մենք այստեղ էլ բռնապետական երկիր լինենք, միջազգային հանրության համար մեկ կլիներ, թե բռնապետական Արցախն ում կազում կլինի՝ բռնապետական Ադրբեջանի, թե եսիմ ում: Մեր հիմնական ձեռքբերումները մեր համապետական ընտրություններն են, Հանրաքվեն պետք է լինի տոն օր: ԱԺ-ն չունի այն ներուժը, որ մենք կկարողանայինք այդ օրենքի հոդվածները փոխելու: Ես մտավախություն ունեի հանրաքվեի օրը հայտարարելու»:
 
Հիշեցնենք, որ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Արցախի ԱԺ նախագահին՝ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:

    0