Jun 22, 2021

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր են ուժեղացնել փոխգործակցությունը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
 
«Թույլ կտամ ասել, որ ԵԱՀԿ-ն եւ ՀԱՊԿ-ն աջակցում են համագործակցությանը որոշ ոլորտներում, բայց կան նաեւ համագործակցության այնպիսի ոլորտներ, որոնցում մենք կարող ենք ամրապնդել մեր փոխգործակցությունը»,- ասել է նա:
 

 
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրեց, որ անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումին նշվեց ահաբեկչությանն ու կազմակերպված հանցավորությանը հակազդելու, ինչպես նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ սահմանի անվտանգության ապահովման շուրջ երկխոսություն մշակելու անհրաժեշտությունը:
 
«Ուրախ եմ, որ այսօր մենք հնարավորություն կունենանք անձամբ քննարկել մեր փոխգործակցության հետագա զարգացման խնդիրները»,- իր հերթին նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեքշաբթի Շմիդն առաջին անգամ կայցելի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարություն եւ ելույթ կունենա ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի նիստին:

    0