Sep 18, 2021

Արթուր Թովմասյանը ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին

Սեպտեմբերի 18-ին Արցախի խորհրդարանի ղեկավարը հյուրընկալել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին և ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանին: Այս մասին հայտնումեն ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի գիտակրթական կյանքը և նշել, որ բնագիտական ուղղությունը զարգացնելու առումով որոշակի առարկայական խնդիրներ ունեն:

«Գիտական կյանքն Արցախում նման է վառված մոմի, որը պետք է ձեռքերով պահենք, որ հանկարծ չմարի», - շեշտել է Արթուր Թովմասյանը:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ համավարակը և 2020թ. աշնանային պատերազմն իրենց ավերիչ ազդեցությունն են թողել ինչպես Արցախի սոցիալ-տնտեսական, քաղաքական, այնպես էլ գիտակրթական համակարգի վրա:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը իր խոսքում նշել է որ այցի նպատակը ԵՊՀ-ի մասնակցությունն է «100 տուն Արցախում» ծրագրին:

«Մասնակցելով «100 տուն Արցախում» ծրագրին ՝ ԵՊՀ-ն դրանով ցանկանում է ցույց տալ, որ տեղի ունեցածի, պատերազմի արդյունքների հետ հաշտ չէ և միանում է Արցախի ապրեցման և հզորացման ծրագրին»,- իր խոսքում ընդգծել է Հովհ. Հովհաննիսյանը:

Խոսելով գիտակրթական համակարգի զարգացման մասին՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ նպատակ ունեն վերանայելու գիտության բնագավառում նշանակալի դեր ունեցող գիտնականների աշխատավարձերը և առողջապահական փաթեթը:

Հովհաննես Հովհաննիսյանը անդրադարձել է տարբեր ստարտափային ընկերությունների , բանկերի հետ համագործակցելու պայմանավորվածություններին և նոր կրթական ծրագրերի հավատարմագրման անհրաժեշտությանը:

Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Հովհ. Հովհաննիսյանին՝ «100 տուն Արցախում» նախագծին աջակցելու համար և հույս հայտնել, որ այն վարակիչ կլինի շատ այլ կառույցների համար:

Հանդիպմանը ներկա էր ԱՀ ԱԺ գիտության, կրթության,մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:

    0