Oct 22, 2020

Այս պահին մոտ 10 անգամ ավելի կորոնավիրուսի դեպքեր ունենք, քան սեպտեմբերի սկզբին. բժիշկ-համաճարակաբան

Վերջին օրերին ունենք կորոնավիրուսային վարակի աննախադեպ աճ: Ամեն օր 500 դեպքով ավելի է գրանցվում, ինչի հետևանքով առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև, և տեղ չունենանք մեր հիվանդներին հոսպիտալացնելու:
 

 
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՆ ՀՎԿԱԿ բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:
 

 
Նա նշեց, որ այս պահին մոտ 10 անգամ ավելի դեպքեր ունենք, քան սեպտեմբերի սկզբին: 
 

 
Լ.Պարոնյանի խոսքով՝ այսօր կորոնավիրուսով վարակված մոտ 2000 հիվանդ է բուժվում հիվանդանոցներում, բայց կան հիվանդներ, որոնք սպասում են հոսպիտալացվելու իրենց հերթին:
 

 
«Իհարկե, պատրեազմական իրավիճակում, երբ մեր բոլորի հայացքը դեպի ռազմաճակատ է ուղղված, կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքը երկրորդական պլան է մղվել: Սակայն մեր բժիշկներն այսօր անհրաժեշտ են մեր զինվորներին, ուստի պետք է ամեն ինչ անենք՝ նվազեցնելու թվերը»,- ասաց նա: 
 

 
Բժիշկը կոչ արեց կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն: Նա նաև հորդորեց դիմակը ճիշտ կրել և չտարածել վարակը: 
 

 
Հարցին՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ արդյոք թեստավորում անցկացվո՞ւմ է, Լ.Պարոնյանը պատասխանեց, որ թեստավորումը նպատակահարմար չէ կազմակերպել, քանի որ հայտնի չէ՝ ով երբ է մեկնում Արցախ: Սակայն, ըստ նրա, կոնտակտավորների շրջանակի բացահայտմանն ուղղված աշխատանքները շարունակվում են:

    0