Mar 24, 2023

ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի արեւելքում


 
ԱՄՆ-ն Արեւելյան Սիրիայում օդային հարվածներ է հասցրել Իրանի հետ կապված թիրախների ուղղությամբ՝ ի պատասխան ամերիկացի կապալառուի մահվան, հայտնել է Պենտագոնը:
 
Ավելի վաղ ամերիկացի կապալառուն զոհվել էր, իսկ հինգ ամերիկացի զինծառայող եւ եւս մեկ ամերիկացի կապալառու վիրավորվել էին այն բանից հետո, երբ կամիկաձե անօդաչու սարքը տեղական ժամանակով ժամը 13:38-ին Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Էլ Հասակա քաղաքի շրջանում կոալիցիայի բազայի վրա հարվածել էր տեխնիկական սպասարկման օբյեկտին:
 
Պենտագոնը հայտարարել է, որ հետախուզական հանրության գնահատականներով՝ անօդաչուն իրանական ծագում ունի:
 
«Նախագահ Բայդենի հրահանգով ես լիազորել եմ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերին Սիրիայի արեւելքում ճշգրիտ հարվածներ հասցնել այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբերի կողմից»,-ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
 
«Օդային հարվածները հասցվել են ի պատասխան այսօրվա հարձակման եւ Սիրիայում կոալիցիայի ուժերի դեմ վերջերս իրականացված հարձակումների, որոնք իրականացվել են ԻՀՊԿ-ի հետ կապված խմբավորումների կողմից»,-ասել է նա։
 
«Միացյալ Նահանգները ձեռնարկել է համաչափ եւ մտածված գործողություններ՝ ուղղված էսկալացիայի ռիսկի սահմանափակմանը եւ կորուստների նվազեցմանը»,-ասվում է հայտարարության մեջ:
 
«Ինչպես հստակ հասկացրել է նախագահ Բայդենը, մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու համար, եւ մենք միշտ կպատասխանենք՝ ընտրելով ժամանակն ու տեղը մեր հայեցողությամբ»,-ասել է Օսթինը:
 
Երկու վիրավոր զինծառայողներին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, եւս երեք զինծառայող եւ երկրորդ կապալառուն տարհանվել են Իրաքի կոալիցիայի բժշկական հաստատություններ, հայտնել են Պենտագոնում։

    0