Aug 23, 2023
Հոդվածագիր՝
Ատոմ Մխիթարյան
Ֆիզմաթ. գիտ. թեկն., ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, կրթության փորձագետ
«ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: Գաղափարը, կարծես, լավն է, սակայն եկեք տեսնենք, թե Կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ և ինչպես է պատկերացնում այդ Ակադեմիական քաղաքը:
Նախ, պետության կողմից ստեղծվեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որ պետք է իրականացնի այդ քաղաքի նախագծումն ու համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը...
Ընդ որում, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և ոչ մի ակադեմիկոս կամ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչ, ոչ մի համալսարանի ներկայացուցիչ կամ ուսանող:
Ակնհայտ է, որ Կառավարությունն ակադեմիական քաղաքը պատկերացնում է մի վայր, որտեղ կան համապատասխան շենքեր ու ենթակառուցվածքներ և որտեղ կարելի է միավորելով տեղափոխել գոյություն ունեցող բուհերն ու գիտական կազմակերպությունները. ընդամենը մեխանիկական տեղափոխում՝ գիտնականներից ու ուսանողներից ազատելով Երևանում գոյություն ունեցող շենքերը: Իսկ թե ինչպիսի՞ն պիտի լինի բովանդակությունը՝ ոչ ոքի առայժմ հետաքրքիր չի:
Այս ոլորտում որոշում կայացնողները պետք է հասկանանա, թե, վերջին հաշվով, ի՞նչ է նշանակում ունենալ Ակադեմիական քաղաք, համաշխարհային ինչպիսի՞ փորձ կա և, որ ամենակարևորն է՝ ի՞նչ կարժենա այդ նախագիծը:
Գիտության զարգացման համար ընդհանրապես, իսկ ժամանակակից գլոբալացված աշխարհում առավել ևս, կարևոր է միջազգայնացումն ու համաշխարհային փորձը: Այն ուսանողների համար, ովքեր սովորում և բնակվում են որևէ համալսարանական կամպուսում, համաշխարհային փորձ ձեռք բերելու հնարավորությունները ավելի շատ են, քան «սովորական» համալսարանում սովորողներինը: Ակադեմիական քաղաքների բնակչությունը բազմաբնույթ է, միախառնված են տարբեր մշակույթներ: Սա ուսանողներին հնարավորություն է տալիս շփվել տարբեր մարդկանց հետ և սովորելուն զուգահեռ միջմշակութային հաղորդակցության հմտություններ ձեռք բերել: Բացի այդ, ակադեմիական քաղաքները հաճախ մեծ ուշադրություն են դարձնում միջազգայնացմանը: Սա նշանակում է, որ ուսանողների համար կան բազմաթիվ հնարավորություններ մասնակցելու միջազգային ծրագրերին, պրակտիկան անցկացնել համալսարաններին կից գործող ձեռնարկություններում ու ստարտափերում, իրականացնել հետազոտական նախագծեր միջազգային թիմերում և այլն:
Քաղաքից դուրս գտնվող համալսարանում համաշխարհային փորձ ձեռք բերելը շատ առավելություններ ունի, մասնավորապես.
• Մշակութային իրազեկության մակարդակի բարձրացում. տարբեր մշակութային համայնքներից եկած ուսանողները հնարավորություն ունեն ծանոթանալու այլ մշակույթների հետ: Սա կարող է օգնել նրանց դառնալ ավելի հանդուրժող, իսկ գիտության մեջ՝ թիմային աշխատանքի հմտություններ ձեռք բերել:
• Բարելավված հաղորդակցային հմտություններ. ուսանողները, ովքեր սովորում են արտասահմանում կամ իրենց համալսարանում շփվում են միջազգային ուսանողների հետ, հնարավորություն ունեն բարելավելու իրենց լեզվական և հաղորդակցային հմտությունները: Սա կարող է արժեքավոր ակտիվ լինել ապագա աշխատավայրում և նրանց անձնական կյանքում:
• Խնդիրներ լուծելու հմտություններ. ուսանողները, ովքեր ապրում և սովորում են իրենց համար տարբերվող միջավայրում, հաճախ բախվում են նոր և դժվարին իրավիճակների: Սա կարող է օգնել նրանց զարգացնել խնդիրներ լուծելու իրենց հմտությունները և դառնալ ավելի ստեղծագործ:
• Համաշխարհային մրցունակության բարձրացում. այսօրվա գլոբալացված տնտեսության պայմաններում գործատուները փնտրում են աշխատողների, ովքեր ունեն համաշխարհային փորձ: Այն ուսանողները, ովքեր սովորել են արտասահմանում կամ ապրել են տարբեր համայնքներում, ավելի հավանական է, որ աշխատանքի ընդունվեն այս գործատուների կողմից:
Հիմա հարց Կառավարությանը. այդյո՞ք բուհերի մեխանիկական տեղափոխումից բարձրանալու է դրանց միջազգայնացման մակարդակը, արդյո՞ք ապահովվելու է միջմշակութային միջավայր, արդյո՞ք այստեղ են շտապելու ողջ աշխարհի առաջատար գիտնականներն ու դասախոսները, արդյո՞ք ավելանալու է արտասահմանյան ուսանողների տեսակարար կշիռը. ո՛չ, իհարկե:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ի լրումն վերը թվարկված առավելությունների, կան նաև մի քանի մարտահրավերներ, որոնց ուսանողները կարող են հանդիպել ակադեմիական քաղաքում ապրելիս: Մասնավորապես.
• Կարոտ. կարող է դժվար լինել առաջին անգամ տնից բացակայելը, հատկապես, եթե ուսանողը միանգամից հայտնվելու է տարբեր մշակույթների միջավայրում:
• Մշակութային շոկ. եթե նախկինում ուսանողը միջմշակութային հաղորդկցության փորձ չի ունեցել, ապա կարող է մշակութային շոկ ապրել: Սա էական ազդեցություն կարող է ունենալ ուսանողի վարքագծի վրա, միաժամանակ, կարող է դառնալ արժեքավոր հնարավորություն:
• Լեզվական խոչընդոտներ. եթե ուսանողը չի խոսում այն երկրի լեզվով, որտեղ սովորում է, լեզվական խոչընդոտների է բախվելու: Դա կարող է դժվարացնել մարդկանց հետ շփվելը և բազմաբնույթ միջոցառումներին մասնակցելը:
Այսպիսով, մեծ քաղաքներից դուրս համալսարանական կամպուսները «համաշխարհայնացման կենտրոններ» են, որտեղ միախառնվում են տարբեր մշակույթներ՝ ապահովելով գիտության ու կրթության շաղկապված զարգացումը, իսկ ուսանողների համար՝ դառնալ առավել մրցունակ գլոբալ շուկայում: Կրկին ընդգծենք, որ սա չի ենթադրում «քաղաքային» համալսարանի մեխանիկական տեղափոխում «քաղաքից դուրս»:
Իսկ աշխարհում ինչպիսի՞ փորձ կա այս առումով և համալսարանների տեղափոխումը ինչպիսի՞ պատճառներ է ունեցել: Բերենք մի քանի օրինակ.
• Չինաստան. Միջազգային բիզնեսի և տնտեսագիտության համալսարանը (UIBE) հիմնադրվել է 1950 թվականին և ի սկզբանե գտնվում էր Պեկինի սրտում: Այնուամենայնիվ, 2010 թվականին համալսարանը տեղափոխվեց Շունիի արվարձանում գտնվող կամպուս: Այս քայլը պայմանավորված էր ավելի շատ տարածքի անհրաժեշտությամբ և ավելի ժամանակակից համալսարան ունենալու ցանկությամբ:
• Բրազիլիա. Universidade Federal de Viçosa (UFV) հիմնադրվել է 1923 թվականին և ի սկզբանե գտնվում էր Վիչոսա քաղաքում: Այնուամենայնիվ, 2009 թվականին համալսարանը տեղափոխվեց Ֆլորեստալ գյուղաքաղաք: Այս քայլը պայմանավորված էր ավելի կայուն համալսարան ստեղծելու և ուսանողների համար գյուղական միջավայրով ապահովելու ցանկությամբ:
• Ավստրալիա. Sunshine Coast-ի համալսարանը (USC) հիմնադրվել է 1996 թվականին և ի սկզբանե տեղակայված է եղել Մարուչիդոր քաղաքում: Այնուամենայնիվ, 2008 թվականին համալսարանը տեղափոխվեց Սիփի Դաունս ծովափնյա քաղաքում գտնվող նոր համալսարան։ Այս քայլը պայմանավորված էր ուսանողների թվի աճով, քաղաքում տարածքների սղությամբ, ինչպես նաև ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար ստեղծագործական հանգիստ միջավայր ապահովելու ցանկությամբ:
Իհարկե, «քաղաքից դուրս» տեղափոխվելիս համալսարանները բախվում են մի շարք դժվարությունների.
• Ուսանողների հավաքագրում. Տեղափոխվելիս բոլոր համալսարաններն ունեցել են ուսանողների հավաքագրման հետ կապված խնդիրներ, որովհետև ուսանողների մեծամասնությունը չի ցանկանում տեղափոխվել:
• Պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավում. Ինչպես ուսանողների պարագայում, պրոֆեսորադասախոսական կազմը ևս դժկամությամբ է տեղափոխվում «քաղաքից դուրս», միշտ եղել են կորուստներ:
• Հարմարավետության ապահովում. Միշտ չէ, որ կարելի է ապահովել համապատասխան քանակի և որակի բնակարաններ, ռեստորաններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ, ժամանցի վայրեր և այլն:
Հիմա հարց Կառավարությանը. արդյո՞ք Երևանում գործող համալսարանները տարածքների սղության խնդիր ունեն, երբ ուսանողների թիվը պակասել է մի քանի անգամ, իսկ դիմորդների թիվը գնալով նվազում է:
Ակադեմիական քաղաքի մասին խոսելիս չի կարելի շրջանցել ԽՍՀՄ փորձը: Դրա ամենահայտնի օրինակը Նովոսիբիրսկի Ակադեմգորոդոկն է: Այն գիտության և տեխնոլոգիաների կենտրոն է, որը հիմնադրվել է 1957 թվականին խորհրդային կառավարության կողմից՝ որպես տիեզերական մրցավազքում ԱՄՆ-ին հասնելու Խորհրդային Միության ջանքերի մի մաս: Նովոսիբիրսկի ակադեմիական քաղաքում տեղակայված են ավելի քան 50 գիտահետազոտական ինստիտուտներ և համալսարաններ, և այն դարձել է Ռուսաստանի գիտական հետազոտությունների հիմնական կենտրոններից մեկը: Քաղաքը կառուցվել է Նովոսիբիրսկի ծայրամասում գտնվող անտառում և ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք այն դարձնում են էներգաարդյունավետ՝ արևային մարտկոցներ, երկրաջերմային ջեռուցում և այլն:
Ակադեմգորոդոկը մեծ դեր է խաղացել Ռուսաստանում գիտության և տեխնիկայի զարգացման գործում: Քաղաքում բնակվում են Նոբելյան մրցանակակիրներ, այստեղ կատարվել են մի շարք կարևոր գիտական հայտնագործություններ: Ակադեմգորոդոկը նաև հայտնի զբոսաշրջային վայր է՝ գործող մի շարք թանգարաններով ու մշակութային - տեսարժան վայրերով:
Հարկ է նշել, որ անցած դարի 60-70-ական թվականներից Աշտարակում գործում է նմանատիպ մոդել՝ Գիտավանը: Այստեղ խորհրդային տարիներին բնակվում էին այն գիտկանանները, որոնք աշխատում էին, օրինակ, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում:
Աշխարհում հայտնի են մի շարք այլ «ակադեմիական քաղաքներ», որոնք գիտական և կրթական կարևոր կենտրոններ են տվյալ երկրի համար:
Ցուկուբայի կենտրոնը Ճապոնիայում ստեղծվել է 1963 թվականին որպես ծրագրված քաղաք՝ խթանելու գիտական և տեխնոլոգիական նորարարությունները: Ցուկուբայում են գործում Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA), Բարձր էներգիայի արագացուցիչների հետազոտական կազմակերպությունը (KEK) և առաջադեմ արդյունաբերական գիտության և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը (AIST):
Քեմբրիջը Միացյալ Թագավորության մայրաքաղաքից մոտ 80 կմ հյուսիսում է, որտեղ տեղակայված է նաև Քեմբրիջի համալսարանը՝ աշխարհի ամենահին և ամենահեղինակավոր համալսարաններից մեկը: Այստեղ է կենտրոնացված երկրի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զգալի մասը, հատկապես կենսատեխնոլոգիայի, ծրագրային ապահովման և ճարտարագիտության ոլորտներում: Քեմբրիջում տեղակայված հայտնի ընկերություններից են ARM Holdings-ը, Microsoft Research-ը, AstraZeneca-ն, Wellcome Trust Sanger Institute-ը և այլն:
Պալո Ալտոն, որ գտնվում է ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածքում և հանդիսանում է Սիլիկոնային հովտի մի մասը՝ նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կենտրոն է: Այստեղ է տեղակայված Սթենֆորդի համալսարանը՝ աշխարհի առաջատար հետազոտական համալսարաններից մեկը, ինչպես նաև բազմաթիվ հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Hewlett-Packard-ը, Tesla-ն, Facebook-ը, Google-ը, VMware-ը և այլն:
Հիմա հարց Կառավարությանը. արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական ստեղծված իրավիճակում ֆինանսավորել և ունենալ գոնե մեկ այսպիսի համալսարան կամ գիտահետազոտական կենտրոն: Ուղղակի նշենք, որ աշխարհի լավագույն հետազոտական համալսարանների բյուջեները հարյուրապատիկ մեծ են Հայաստանի կրթությանն ու գիտությանը հատկացվող բյուջեից և համեմատական են ՀՀ տարեկան ողջ բյուջեին:
Որոշում կայացնելիս հարկավոր է հաշվի առնել նաև Եգիպտոսի փորձը, որի կառավարությունը 2015 թվականին հայտարարեց, որ կկառուցի նոր վարչական մայրաքաղաք Կահիրեից արևելք՝ ներկայիս մայրաքաղաքի ծանրաբեռնվածությունն ու գերբնակեցումը մեղմելու համար: Ակնկալվում է, որ նոր քաղաքում, որը դեռևս կառուցման փուլում է, կտեղակայվեն նաև համալսարաններ և հետազոտական կենտրոններ: Նախատեսվում էր, որ առաջիններից մեկը կդառնա Zewail City of Science and Technology հետազոտական համալսարանը, որը հիմնադրվել է Նոբելյան մրցանակակիր Ահմեդ Զևեյլի կողմից: Այնուամենայնիվ, նախագիծը բախվել է բազմաթիվ մարտահրավերների և տեղափոխումն անընդհատ հետաձգվում է, և պարզ չէ, թե երբ այն վերջապես իրականություն կդառնա:
Եվ վերջում, ինչպես հիմա արդեն ընդունված է, Հայաստանում ակադեմիական քաղաք ունենալու և բուհերն ու գիտական կազմակերպություններն այնտեղ տեղափոխելու նպատակահարմարության մասին հարցրեցի արհեստական բանականությանը, որի պատասխանն այսպիսին էր. «Չեմ կարծում, որ կա բուհերը մայրաքաղաքից դուրս տեղափոխելու իմաստ, քանի որ դա կհանգեցնի ակադեմիական և մշակութային ժառանգության զանգվածային խաթարման և վերջին հաշվով՝ կորստի»:
Սա էլ պատասխան այն հարցերին, որ վերևում ուղղեցի Կառավարությանը, խնդրեմ:
Ատոմ Մխիթարյան
Ֆիզմաթ. գիտ. թեկն., ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան