Nov 11, 2020

Մեզ բոլորիս պետք է համահայկական միասնականություն. Ուկրաինայի հայերի միություն

Կիևում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության Կիևի և Երևանի օպերատիվ շտաբների համատեղ նիստը Հայաստան օգնության տրամադրման և կազմակերպման հարցով:
 

 
Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, նիստի մասնակիցները հանդես են եկել Արցախում և Հայաստանում վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
 

 
«Ուկրաինայի հայերի միությունը կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին՝ պահպանել կայունություն, իսկ բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացնել երկրի Սահմանադրությանը համապատասխան: Մեզ բոլորիս պետք է համահայկական միասնականություն՝ հաղթանակին հասնելու համար:
 

 
Արցախում ռազմական գործողություններ սկսելու առաջին իսկ օրվանից ու մինչ օրս Ուկրաինայի հայերի միության կողմից հսկայական աշխատանք է տարվել համապատասխան օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ: Մենք շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, որոնք տուժել են պատերազմի հետևանքով:
 

 
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում սրտացավ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր անտարբեր չմնացին մեր պատմական հայրենիքի համար դժվար օրերին և իրենց օգնությունը ցուցաբերեցին: Մեր միասնական աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք օգնել պատերազմի հետևանքով իրենց տները կորցրած մարդկանց:
 

 
Մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում պահպանել հանգստություն և չկորցնել ոգու արիությունը: Խնդրում ենք լինել ուշադիր և չտրվել սադրանքների»: 
 

 
Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​Հովհաննիսյանը:

    0