Sep 17, 2020

Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ԱՏՁՄ միության նորանշանակ տնօրենի հետ

2020 թ․-ի սեպտեմբերի 16-ին, ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանի և նորանշանակ տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ:
 

 
Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ներկայումս նախարարությունը ստանձնել է մի շարք ինստիտուցիոնալ նախագծերի իրականացում, որոնք ներառում են կրթությունից, գիտելիքից մինչև ընկերության ստեղծում, հիմնում, ձեռներեցության զարգացում, ֆինանսների ներգրավում, ենթակառուցվածքային այլ ծրագրեր: Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում ևս շտկումներ են լինելու:
 

 
Նախարարը նշել է, որ «Վիրտուալ կամուրջ մարզերի համար» ծրագրի շրջանակներում քարտեզագրում է կատարվել, ինտերակտիվ ուսուցում է իրականացվում մարզերում՝ Երևանից հնարավորինս շատ գիտելիք մարզեր տանելու նպատակով: Նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել ձեռներեցներին՝ մարզերում ընկերություններ հիմնելու նպատակով, ինչն իր հերթին ինստիտուցիոնալ մեխանիզմներ կձևավորի որակյալ կադրերին մարզեր ուղղորդելու և տեղում բացահայտելու գործում:
 

 
ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ երկար քննարկումների արդյունքում է Րաֆֆի Քասսարջյանը նշանակվել տնօրենի պաշտոնում և ներկայումս միությունը վերագործարկելու է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ նախարարության ռազմավարական զարգացմանը նպաստող: Եսայանը ներկայացրել է ԱՏՁՄ ռազմավարությունը, զարգացման հիմնական ուղղությունները և նշել, որ ակնկալում են նախարարության աջակցությունը դասընթացների և այլ տեսլականների իրականացման հարցերում:
 

 
Հանդիպման ավարտին նախարար Հ․ Արշակյանը, ամփոփելով նախարարություն – ԱՏՁՄ հարաբերությունների զարգացման ուղղությունները և հեռանկարները, համոզմունք է հայտնել համատեղ ջանքերով մեծ արդյունավետությամբ և պատասխանատվությամբ աշխատելու վերաբերյալ:

    0