Sep 21, 2020

Անկախությունը մեր երկրի ապագայի հիմնասյունն ու երաշխավորն է. Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
 

 
«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արցախի և Սփյուռքի քույրեր եւ եղբայրներ, 1991 թվականի այս օրը գրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը: 29 տարի առաջ այս օրն իրականություն դարձավ հայ ժողովրդի տասնամյակներ փափագած երազանքը՝ ազատ ու անկախ հայրենիքի հռչակումը: Այսօր արդեն պետականության հիմքերն ամրապնդելու գործում անելիք ունենք բոլորս:
 

 
Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դառնալ մեր երկրի առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագայի շինարարը, սերունդներին ավելի լավ հայրենիք ժառանգելու համար համախմբել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ներուժը: Երկիրը շենացնելու գործում չկան սեւեր ու սպիտակներ, չկան հայրենիքը շատ կամ քիչ սիրողներ: Անկախությունը մեր երկրի ապագայի հիմնասյունն ու երաշխավորն է, որը պահպանելու առաքելությունը վերապահված է մեզանից յուրաքանչյուրին:
 

 
Տոնի առիթով եւս մեկ անգամ ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, ովքեր նահատակվել են հանուն Հայաստանի վաղվա օրվա: Հավերժ փառք մեր հերոսներին:

Եվս մեկ անգամ շնորհավորելով աշխարհասփյուռ հայությանը կարևորագույն այս տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ հարատև խաղաղություն, բարեկեցություն ու բարգավաճում:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»։

    0