Sep 22, 2020

Քարվաճառի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է․նախագահ Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով եղել է Շահումյանի և Մարտակերտի շրջաններում:
 

 
Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարը հետևել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց Քարվաճառ տանող 17 կմ երկարությամբ ավտոճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքների մեկնարկին, հետաքրքրվել գործընթացի կազմակերպմամբ, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: Նախագահ Հարությունյանը նշել է, որ Քարվաճառ քաղաքի ու Շահումյանի շրջանի զարգացումը կառավարության համար ռազմավարական նշանակության խնդիր է, և առաջիկա տարիներին շարունակելու են նոր ներդրումներ ուղղել տարածաշրջանի ամբողջ պոտենցիալն իրացնելու համար:


 
Արայիկ Հարությունյանի այցելության հաջորդ վայրը Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր բնակավայրն էր, որտեղ շահագործման է հանձնվել համայնքը մայրուղուն կապող 3,2 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհը: Նախագահի խոսքով՝ մայրուղիներին հարող բոլոր համայնքների ճանապարհների բարեկարգումն ու ասֆալտապատումը հիմնականում ներառված են կառավարության՝ առաջիկա հինգ տարիների ծրագրում: 

    0