Sep 17, 2020

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մեղադրանք է առաջադրվել Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին ՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար։

l«Արամ Սիմոնյանը, նախնական համաձայնության գալով պայմանագրային հիմքով ԵՊՀ մասնաշենքերում պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊԸ տնօրենի հետ, 2015-2019թթ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայությունների մատուցման «Երևանի պետական համալսարան»  հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է 34 մլն դրամ։ Նա այդ գումարը բանկային եղանակով փոխանցել է վերոնշյալ ՍՊ ընկերության տնօրենին»,–նշված է հաղորդագրության մեջ։


 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ԵՊՀ–ն այս պահին չունի ռեկտոր: Նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից (2019-ի մայիսի 23-ին) հետո Գեղամ Գևորգյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Երևանի պետական համալսարանի ռեկտորի` մարտի 23-ին նախատեսված ընտրությունը կորոնավիրուսային իրավիճակից ելնելով չէր կայացել։


 
ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր 5 թեկնածու՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի ու կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոն վարիչ Վահե Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի դասախոս Աշոտ Սաղյանը և Արցախի համալսարանի նախկին դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Գևորգյանը։

    0