Aug 21, 2020

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին


 
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ծննդյան տարեդարձի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն

Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
 

 
Ուղերձում ասված է.

«Նորին Ս. Օծություն Տ.Տ. Գարեգին Բ,

Կաթողիկոս Ամենայն Հայոց

  
 
Վեհափառ Տեր,


 
Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առիթով:


 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր կյանք և արգասաբեր գործունեություն՝ Հայաստանյայց

Առաքելական Սուրբ Եկեղեցու հովվապետի Ձեր բարձր պաշտոնում:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի կարևորագույն ինստիտուտներից է, մեր

ազգային գիտակցության հենասյուներից մեկը, որը ստեղծվել եւ որպես ազգային հոգեւոր կառույց կայացել է պետական մակարդակում ընդունված որոշումների բերումով: Այդ որոշումները հայ ժողովրդի պատմության շրջադարձային կետեր են, որովհետեւ պետականության անկման շրջանում հենց Հայ առաքելական եկեղեցին դարձավ մեր ինքնության միջնաբերդը, հենց եկեղեցական համայնքներն են

պահել և պահպանել վերստին պետություն ունենալու մեր ժողովրդի երազանքն ու մղումը, և այսօրվա մեր

պետականությունը այդ երազանքի իրագործումն է:


 
Եվ հետեւաբար՝ մեր բոլորիս պարտքն է պահպանել և ուժեղացնել այդ երազանքը, մեր լուման ներդնել նրա

հզորացման գործին, բայց այդ ամենը հնարավոր չի լինի առանց հավատի: Նաև սրանում է Վեհափառ Հայրապետի առաքելությունը՝ ուժեղացնել քաղաքացիների հավատը՝ Աստծո, պետականության, ազգային արժեքների, սեփական ուժերի և ապագայի նկատմամբ, խրախուսել իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը:


 
Թող Աստված Ձեզ միշտ ուժ պարգևի՝ այս բարձր առաքելությունն իրականացնելու համար:
 

 
Որդիական հարգանքով՝

Նիկոլ Փաշինյան»:

    0