Jan 9, 2019

Քոչարյանի փաստաբանական խումբը մեղադրում է Վճռաբեկ դատարանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հունվարի 8-ին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան: Սահմանադրական վեճի հիմնական առարկան Քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումներն են:

Վեճն ընթերցողին ավելի հասկանալի կարելի է այսպես բացատրել. Վճռաբեկ դատարանը միանգամից որոշում է կայացնում բողոքները վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին` մինչ Դատախազության և Քոչարյանի փաստաբանական խմբի բողոքները քննելը: Փաստաբանները սա համարում են հակասահմանադրական:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց` երկամսյա կալանքն էր ընտրվել` Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը չեղարկել էր այդ որոշումը` հիմք ընդունելով Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելի լինելը: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործը հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան` նոր քննության նպատակով, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց:

#ՌոբերտՔոչարյան #Սահմանադրականդատարան #Սահմանադրություն #Մարտի1

    0