Oct 6, 2018

ԱՎԱՆԴԱԿԱՆ 10–ՐԴ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՐԵՆԻՈՒՄ (լուսանկարներ)

Արդեն 10 տարի է, ինչ Արենի գյուղում անցկացվում է գինու ամենամյա փառատոնը: Համահայկական փառատոնն ավանդաբար անցկացվում է հոկտեմբերի առաջին շաբաթ օրը

Այս տարի Փառատոնի ծրագրում ընդգրկված էին՝ բացման հանդիսավոր արարողություն, գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ, հասարակական և պրոֆեսիոնալ համտես, խաղող ճզմելու գործընթաց, ավանդական կերակրատեսակների ցուցահանդես-վաճառք՝ պատրաստված հայկական լավագույն ռեստորանների կողմից և երաժշտական ծրագիր։

Օրվա խորհրդով պայմանավորված, միջոցառման ամբողջ ընթացքում հնչեցին երգեր միայն Շառլ Ազնավուրի երգացանկից։


 

Փառատոնը հետաքրքրական էր, քանի որ ուղեկցվում էր մի գեղեցիկ արարողությամբ։ Անցկացվեց իսկական ավանդական հայկական հարսանիք՝ հարսի և փեսայի ավանդական հագուստով՝ տարազով, պսակադրության արարողությամբ և օրիգինալ «տարոսիկներով»։

Բազմաթիվ մարդիկ՝ ծանոթ և անծանոթ, ովքեր բարձրացել էին բլուրի վրա գտնվող Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ աղոթքի և մոմավառության, ներկա գտնվեցին պսակի արարողությանը։

Միջոցառման պատվավոր հյուրերն էին միջազգային գինեգետներ, ճանաչված մի շարք ռուսաստանյան սննդային բլոգերներ (Food bloggers): Միջոցառման կազմակերպիչներն ունեին պայմանագրեր հայկական և միջազգային տուր-օպերատորների հետ. վերջիններս ապահովել էին զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:


 

 
Միջոցառումը հիանալի հնարավորություն է ստեղծում հայ գինի արտադրողներին և այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերություններին ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերել և իրականացնել մարքեթինգային այլ ակցիաներ:

Հեղինակ՝ Լուսինե Բաղդասարյան

#Արենի #Գինուփառատոն #ՇառլԱզնավուր #Աստվածածինեկեղեցի

    0