Jan 15, 2018

PR դպրոցը PR մշակույթի ձևավորման վայր

PR դպրոցն արդեն հրաժեշտ է տալիս իր վեցերորդ հոսքի շրջանավարտներին: Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից ստեղծված PR դպրոցը եռամսյա վերապատրաստման դասընթացներն իրականացնելու համար տարվա մեջ երկու անգամ հայտարարում է ընդունելություն՝ աշնանային և գարնանային: Դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է, ինչը խոսում է դպրոցի կայացած լինելու մասին:

PR դպրոցի համակարգող Արման Գրիգորյանի ներկայացմամբ յուրաքանչյուր ընդունելությանը հայտադիմում է ուղարկում միջինը 150-180 մարդ: «Ցավոք, մենք չենք կարող շատ դիմորդների ընդունել, որովհետև PR դպրոցում սկզբունք կա ձևավորված՝ քիչ, բայց որակյալ, մոտավոր հաշվարկով 10-ից 15 դիմորդի, լավագույն դեպքում՝ մինչև 25, ինչը թույլ է տալիս անհատական աշխատանք իրականացնել ընդունվողների հետ»:

PR դպրոցի հիմնադիր Աստղիկ Ավետիսյանն էլ ոգևորված նշում է, որ PR դպրոց ընդունվածները հետաքրքիր մտածողությամբ, իրենց ոլորտում բավականին հաջողություն արձանագրած մասնագետներ են: PR դպրոցը հարթակ է բոլորի համար և՛ մասնագիտական գիտելիքներ ստանալու, և՛ գործընկերների հետ շփվելու, ինչպես նաև ձերբազատվելու բարդույթներից, որոնք հաճախ առաջանում են մասնագիտական դաշտում հրապարակային միջոցառումների ու ելույթների ժամանակ: PR դպրոց ավարտած յուրաքանչյուր անհատ իր հետ հաստատ տանում է հրաշալի տրամադրություն, բազմակողմանի գիտելիքներ և ամենակարևորը փորձառություն, -ասում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը:

PR դպրոցում իրենց փորձառությամբ կիսվում են Հայաստանում և արտերկրում հայտնի մասնագետներ, ովքեր ներդրում ունեն PR ոլորտի զարգացման գործում: Թեմաները հետաքրքիր են և բազմազան, ընդ որում կան հիմնական թեմաներ և այլընտրանքային, վերջինը ձևավորվում է դպրոց ընդունվածների պահանջների ուսումնասիրության արդյունքում:

PR դպրոցը Հայաստանում ստեղծված առաջին Հանրային կապերի դպրոցն է, որտեղ վերապատրաստվում են հանրային կապերով հետաքրքրվածները: Եռամսյա դասընթացի ավարտին ուսանողները հանձնում են քննություն, որտեղ մշակում են PR ռազմավարություն, PR տեխնոլոգիաներ և PR գործիքներ օգտագործելով հանրայնացնում են որևէ ծրագիր կամ կառույց:

#PR #PRդպրոց #PRschool #ԱստղիկԱվետիսյան #ԱրմանԳրիգորյան #ՀայկականՓԻԱրասոցիացիագիտատեղեկատվականՀԿ #PRասոցիացիա #Եռամսյադասընթացներ #PRոլորտիմասնագետներ #ԼավագույնPRմասնագետներ #Հանրայինկապեր #ՎազրիկԲազիլ

    0