Sep 28, 2017

Հայաստանի վարչապետը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի աշխուժացման հեռանկա

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Ասկար Մամինի գլխավորած պատվիրակությանը:
 

 
Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության զարգացման համատեքստում վարչապետ Կարապետյանը կարևորել է բոլոր մակարդակներում պաշտոնական հաճախակի փոխայցերը և քննարկումները: «Մենք պատրաստ ենք դիվերսիֆիկացնել և զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը, պատրաստ ենք խթանել հայ-ղազախական գործարար կապերը», - նշել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել տնտեսության մի շարք ոլորտներում փոխգործակցության խորացումը՝ նշելով, որ առկա է համատեղ ծրագրեր նախաձեռնելու լուրջ ներուժ:
 

 
Ղազախստանի փոխվարչապետ Ասկար Մամինի խոսքով՝ Ղազախստանը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի աշխուժացմամբ և պատրաստ է առարկայորեն քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: «Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ: Մենք պատրաստ ենք և հենց այդ նպատակով էլ եկել ենք Հայաստան», - ասել է Ասկար Մամինը: Նա ներկայացրել է ՀՀ և ՂՀ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը և ձեռք բերված պայմանավորվածությունները:
 

 
Զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ ու գործնական աշխատանքը, անդրադարձել են նաև երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման և լոգիստիկ սխեմաների մշակման հարցին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել ակտիվ շփումներն ու պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակել:

    0