Feb 9, 2017

Սարոյանի վեպերում ամեն մարդ կարող է գտնել իր մանկությունից մի հատված. թուրքական կայքը Վիլյամ Սարոյան

Թուրքական demokrathaber.org կայքը հատուկ անդրադարձ է կատարել ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի կյանքին և ստեղծագործական ուղուն` խոսելով նրա ընտանիքի, դեպի պատմական Բիթլիս (պատմական Բաղեշ- tert.am) ձգվող արմատների և վառ անհատականության մասին:
 

 

 
«Սարոյանը լույս աշխարհ է եկել 1908թ.-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում`որպես բիթլիսցի հայ ընտանիքի զավակ: Երբ նա ընդամենը 3 տարեկան էր, մահացավ նրա հայրը, որից հետո Սարոյանի մայրը ստիպված եղավ երեխաներին մանկատուն տալ: 5 տարի մանկատանն անցկացնելուց հետո ընտանիքը կարողացավ վերամիավորվել», - պատմում է կայքը մեծ հայ գրողի կենսագրությունից:
 

 

 
Կայքը նշում է, որ Սարոյանի զվարճալի ու երբեմն էլ փոքր-ինչ տխուր վեպերում ամեն մարդ կարող է գտնել իր մանկությունից մի հատված:


 
«Վիլյամ Սարոյանն «արագ» մի կյանք է ապրել: Շրջել է աշխարհով, այդ թվում` իր նախնիների հայրենիք Բիթլիսով, ամուսնացել է, ամուսնալուծվել, հետո նույն կնոջ հետ նորից ամուսնացել ու նորից ամուսնալուծվել: 1981թ.-ին, երբ նա մահացավ այնտեղ, որտեղ ծնվել էր, նրա անունն արդեն վաղուց հայտնվել էր ամերիկյան գրականության կարճ վեպերի ամենալավ գրողների ցուցակում», - գրում է կայքը` հավելելով, որ Սարոյանն, ինչպես ինքն էր ասում, իր բոլոր վեպերի մեջ պատմում է մի բան` մարդու մասին, և այդ ամենի հետ մեկտեղ՝ նրա ձեռագիրը պարզ է ու անկեղծ:
 

 

 
Լուսանկարում` Սարոյանն Արևմտյան Հայաստան այցի ժամանակ

    0