Feb 8, 2017

Հեռահաղորդակցության օպերատորները «OTT» ծառայությունների պատճառով վնասներ են կրում. Ռալֆ Յիրիկյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 7-ին այցելեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություն: Այցի նպատակը ընկերության ծրագրերին ծանոթանալն ու ոլորտի խնդիրները լսելն էր:
 

 

 
Կարևորելով ընկերության դերը երկրի տնտեսության մեջ՝ Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ գնահատում է նաև այն սոցիալական պատասխանատվությունը, որը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը վերցրել է իր վրա։
 

 

 
Ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով` հեռահաղորդակցության ոլորտում խնդրահարույց շրջան է բոլոր օպերատորների համար. խնդիրները ոչ թե մրցակցային դաշտում են, այլ՝ ռազմավարական:
 

 

 
Ընկերության տնօրենը խոսեց հաճախականությունների համար արվող պետական վճարների մասին: Ռալֆ Յիրիկյանի պնդմամբ` եկամուտների կրճատման ֆոնին դրանք զգալի ֆինանսական բեռ են դարձել:
 

 

 
Նախարարն էլ նկատեց, որ հաճախականություններն անսպառ ռեսուրսներ չեն, և առաջնայինը ոչ թե շահագործման սակագնի վերանայումը, այլ դրանք հնարավորին խնայողաբար օգտագործելն է:
 

 

 
Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայում ամենաքիչ հաճախականություններ օգտագործող օպերատորն է: Նա անդրադարձավ նաև ոլորտի պաշտպանվածությանը, նշելով, որ «OTT» ծառայությունների հավելվածները զգալի նվազեցրել են ձայնային ծառայությունների օգտագործման ծավալները: Մարդիկ գերադասում են մատչելի ինտերնետից օգտվելով զանգեր կատարել ու հաղորդագրություններ ուղարկել «Սքայփով» կամ «Վայբերով», քան օգտվել GSM ծառայություններից:
 


 
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենի խոսքով` այդ հավելվածներն օգտվում են օպերատորների ենթակառուցվածքներից` առանց որևէ եկամուտ բերելու պետությանը կամ օպերատորին: Ռալֆ Յիրիկյանը կանխատեսեց, որ շուտով այդ գործընթացը կբերի եկամուտների խիստ նվազման, այն աստիճան, որ օպերատորները կպակասեցնեն ներդրումները:
 

 

 
Նախարարն ընդգծեց, որ այդ իրավիճակն ամբողջ աշխարհում է: Հեռահաղորդակցության օպերատորներին մնում է նոր տեխնոլոգիաներ ներդնել, որոնք էլ նոր ծառայությունների մատուցման հնարավորություն կտան:
 

 

 
Վահան Մարտիրոսյանը բարձրացրեց նաև ռոումինգի սակագների հարցը: Նա նշեց, որ Ռուսաստանում կապի նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկել են ԵՏՄ տարածքում ռոումինգի ծառայությունների սակագնին վերաբերող հարցեր:
 

 

 
Ընկերության իրավաբանական վարչության պետ Արմինե Սարգսյանը նշեց, որ քննարկումների առաջին փուլում ռոումինգի սակագների որոշակի նվազեցում արվել է, բայց քանի որ ԵՏՄ անդամ պետությունների տնտեսությունները տարբեր են, միևնույն մոտեցումը կիրառելը կարող է հանգեցնել շահերի բախման:
 

 

 
Նախարարը հայտնեց, որ ԵՏՄ անդամ երկրների համար քննարկվում են նաև ազգային արժույթով փոխհաշվարկներ կատարելու հնարավորությունները:
 

 

 
Վահան Մարտիրոսյանն առաջարկեց, որպեսզի այս թեմայով ևս «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը վերլուծություն անի ու տեսակետ ներկայացնի դրա շահավետության վերաբերյալ:
 

 

 
Նախարար Վահան Մարտիրոսյանը նախատեսում է այցելություններ նաև հեռահաղորդակցության շուկայում գործող այլ ընկերություններ` ոլորտի մարտահրավերներին արձագանքելու նպատակով քայլեր ձեռնարկելու համար:

    0