Oct 12, 2016
«Ես հայ եմ ոչ թե ծագումով, այլ ընտրությամբ» կարգախոսով առաջնորդվող կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ բացառիկ համերգով:
«Մուշ», «Ադանա», «Սիրո գիշեր», «Արագիլ»… երեկոյի ընթացքում հայի ոգին արտահայտող երգերը հնչեցին ոչ միայն Դանիել Դեքերի, այլև «The Beautified Project» ռոք խմբի, Սիվիլի, Նունե Եսայանի, Համլետ Գեւորգյանի, Եվա Եգանյանի կատարմամբ:
Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեցող երաժիշտն անգամ իր փաստաթղթերում է փոխել ազգանունը` դառնալով Դեքերյան:
«Համերգն իմ նվերն է հայ ժողովրդին. ես միշտ ձեզ հետ եմ ու հպարտ եմ, որ հայ եմ: Հայ ժողովրդին իմ ուղերձներից մեկը հետևյալն է. չնայած աշխարհով մեկ սփռված լինելուն, մենք միշտ կարող ենք միասին լինել: Համատեղելով մեր ձայները՝ մենք կտեսնենք, թե ինչպես է ճանաչվում Հայոց ցեղասպանությունը: Մենք կտեսնենք, որ հայը ազգ է, որը միշտ շարունակելու է առաջ գնալ: Համոզված եմ, որ լավագույն օրերը ոչ թե անցյալում են մնացել, այլ գալու են ապագայում, քանի որ մենք աշխատում ենք միասին հանուն համատեղ նպատակի»:
Լուսանկարները՝ Աշխեն Դավթյանի